«ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎԵՐ ՆՈՐՄԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների, իշխանություն-ընդդիմություն ներկա փոխհարաբերությունների, դրանց իրական հեռանկարի վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ։
-Պարոն Մինասյան, հանրապետության նախագահը մամուլի ասուլիսում վերահաստատեց սկսված բարեփոխումները հետևողականորեն շարունակելու իր մտադրությունը։ Արմատական ընդդիմությունն իր հերթին պնդում է, որ բացի իմիտացիայից, իշխանությունը որևէ այլ լուրջ գործ չի էլ փորձում անել։ Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ։
-Կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված քայլերն արդեն իսկ իրենց մասին խոսում են։ Հանրապետության նախագահը մի շարք անգամներ արձանագրել է, որ սա համալիր բարեփոխումների գործընթացի սկիզբն է միայն։ Ես համոզված եմ, որ նա հետևողականորեն շարունակելու է իր նախընտրական ծրագրի իրագործումը։ Պատահական չէ,որ երկրորդ սերնդի բարեփոխումների գործընթացը սկսվել է հենց մաքսային, հարկային մարմինների գործունեության բարեփոխումից, ոստիկանության աշխատանքների կանոնակարգումից։ Սրանք այն ոլորտներն են, որոնց հետ առնչվում է քաղաքացիների ամենամեծ զանգվածը, և համապատասխանաբար միշտ եղել է որոշակի դժգոհություն այս մարմինների գործունեությունից։
-Մինչդեռ ձեր ընդդիմախոսները շարունակում են պնդել, որ ընտրությունները կեղծված են, և քանի արդարությունը չի վերականգնվել, որևէ բարեփոխում, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, արդյունավետ լինել չի կարող։
-Ընտրությունները կեղծված չեն։ Ես ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային կազմակերպություններից ոչ մեկն ընտրությունների արդյունքները կասկածի տակ չի դրել։ Նույն դիրքորոշումն է դրսևորել հասարակության և ընդդիմության առավել օբյեկտիվ հատվածը։ Արմատական ընդդիմության կամ Տեր-Պետրոսյանի թևում համախմբված ուժերի այդ պնդումն օբյեկտիվ չէ։ Սկզբունքորեն իրենք չէին էլ թաքցնում, որ քվեարկության գործընթացը իրենց համար նշանակություն չունի, և անկախ դրա արդյունքներից, նրանք պատրաստվում էին ընտրությունների հաջորդ օրերին, ինչը և իրագործեցին տասն օր չընդհատվող հանրահավաքներով։
-Եվ որպես հետևանք եղավ մարտի 1-ը։ Սակայն ընդդիմությունն այսօր էլ պնդում է, որ իշխանություններն իրենք կազմակերպեցին դա՝ շարժումը ջարդելու համար։
-Անցած ժամանակահատվածում տեղի ունեցած դատավարությունների ընթացքում չի բացահայտվել ընդդիմության պնդումները հաստատող որևէ փաստ։ Պատահական չէ, որ արմատական ընդդիմությունը հրաժարվում է խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, որովհետև օբյեկտիվ հետաքննության արդյունքում կարող է պարզվել, որ իրենց պնդումները, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեն։
-Չեն մասնակցում, որովհետև, ըստ իրենց, հանձնաժողովը իշխանությունն է ձևավորել։
-Հանձնաժողովը ձևավորել է խորհրդարանը, և այնտեղ ըստ համամասնության ներկայացված են ոչ միայն խորհրդարանական կուսակցությունները, այլև արտախորհրդարանական ուժեր, որոնք նույնպես ընդդիմադիր են։ Դրանից ավելի ի՞նչ պետք է արվեր։ Ես կարծում եմ, որ արմատական ընդդիմությանը ձեռնտու չէ այդ դեպքերի ներքին տրամաբանության, մեխանիզմների բացահայտումը, հակառակ դեպքում որևէ հիմնավոր պատճառ չկար մասնակցությունից հրաժարվելու։ Մարտի 1-ի հետ կապված իրենց ասելիքը կամ ունեցած փաստերը նրանք հանգիստ կարող էին ներկայացնել այդ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում։ Եթե այդպես չեն վարվում, ուրեմն իրական բացահայտումն իրենց ձեռնտու չէ։
-Ընդդիմությունը պնդում է, որ առաջնահերթ է համարում քաղկալանավորների ազատ արձակումը։
-Չեմ ընդունում այդ ձևակերպումը։ ՈՒշադրության է արժանի, որ Եվրախորհրդի մարդու իրավունքի գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգն էլ իրեն նման ձևակերպում թույլ չտվեց։ Քաղբանտարկյալ կարող են համարվել այն անձինք, ում նկատմամբ կայացված դատավճիռն ավելի խիստ կլինի, քան նրանց գործած հանցանքի դիմաց սահմանված պատժաչափն է։ Առայժմ ես այդպիսի դեպքից տեղյակ չեմ։ Քաղաքական գործիչներն էլ սովորական քաղաքացիներ են, կարող են օրենք խախտել և ենթարկվել պատասխանատվության։ Բայց չի նշանակում, թե քրեական հանցանքի համար պատասխանատվության ենթարկելը քաղաքական գործչին ինքնաբերաբար վերածում է քաղկալանավորի։
-Հակառակ օրինակը Շանթ Հարությունյանն է, որը պնդում է, թե մարտի 1-ին միայն կոչ է արել ժողովրդին կրակոցներից չվախենալ։ Բայց այսօր գտնվում է կալանքի տակ։
-Ծանոթ եմ այդ հոդվածին, որ ներկայացված էր իր ընկերոջ կողմից և Շանթ Հարությունյանի ուղղակի խոսքը չէր։ Բայց այդտեղ հղում կար, թե նա, օրինակ, օրինաչափ է համարում խանութների թալանը։ Ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում հարցի պարզաբանումը դատարանը պետք է տա, և եթե Շանթ Հարությունյանի նկատմամբ պատիժը համարժեք չլինի առաջադրված մեղադրանքին, հնարավոր կլինի անել քաղաքական եզրակացություններ։ Բայց այս պահին ես որևէ հիմք չեմ տեսնում։
-Խորհրդարանի լուծարումն ու նոր ընտրությունների նշանակումը կարո՞ղ է դառնալ լարվածության լիցքաթափման հնարավորություն։
-Նկատի ունենանք, որ ընդդիմությունն այլևս այդ պահանջը չի շեշտադրում և հանդես է գալիս ավելի արմատական դիրքերից՝ պահանջելով արտահերթ նախագահական ընտրություններ։ Այսպիսի մշտապես կոշտ դիրքորոշումը հետևանք է այն իրողության, որ արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը, այնուհանդերձ, կայուն չէ, և այն համախմբված պահելու համար ընդդիմությունն ավելի է արմատականացնում իր պահանջները։ Թերևս կա մտահոգություն, որ այդ դեպքում այս շարժումը կմղվի լուսանցք, ինչը ես էլ չէի ցանկանա։ Շատ տրամաբանական կլիներ, եթե այդ շարժման հիմքի վրա ձևավորվեր նորմալ ընդդիմություն՝ քաղաքական կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ձևով։ Այդ դեպքում մենք չենք ունենա այն պատկերը, ինչ 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմության մասնատվածության հետևանքով նրա օգտին տրված 33% ձայները փոշիացան։ Կարծում եմ քաղաքական գործընթացների զարգացման նորմալ տրամաբանությունը եթե հաղթի, ընդդիմությունը կգնա այս ճանապարհով։ Հակառակ դեպքում փակուղին անխուսափելի է, որովհետև այդ զանգվածն այսօրվա մարտավարությունը շարունակելու դեպքում անընդհատ նվազելու է։
-Բայց այդ զանգվածն առնվազն 21% է, որ քվեարկել է Տեր-Պետրոսյանի օգտին։ Անհնարին է այս պահին այդ հանգամանքի հետ որևէ ձևով հաշվի չնստել։
-Ես համարում եմ, որ այդ քվեարկությունն օբյեկտիվ է։ Որովհետև 1998-ին, երբ իշխանափոխություն եղավ, երկիրն այն վիճակում էր, երբ բնակչության 50%-ի ապրելակերպը աղքատության շեմից ցած էր։ Տասը տարում այդ թիվը հաջողվեց կրկնակի կրճատել՝ հասցնելով 25%-ի։ Բայց դա էլ շատ բարձր ցուցանիշ է, որովհետև շատ բնական է, որ այդ զանգվածը վատ ապրելով չէր քվեարկելու իշխանության կամ էլ չափավոր ընդդիմության օգտին։ Նա պետք է քվեարկեր արմատական կարգախոսներով հանդես եկող թեկնածուի և ուժի օգտին, ինչը տեղի ունեցավ, և այդ իմաստով Տեր-Պետրոսյանը ստացել է այն քվեն, որ օբյեկտիվորեն պետք է ստանար։ Ամբողջ խնդիրն այն է, որ 21% ձայն ունենալով, այսինքն՝ լինելով փոքրամասնություն, նա փորձում է այդ փոքրամասնության կամքը թելադրել մեծամասնությանը։ Ինչն արդեն օբյեկտիվ չէ և, բնականաբար, չի հաջողվելու։ Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ հատկապես նրան ձայն տվեց այդ զանգվածը։ Իմ կարծիքով երեք պատճառ կա. առաջին՝ նախագահը տասը տարի լռել էր, և դա որոշակի խորհրդավորություն էր հաղորդում նրա ընտրարշավին։ Բացի այդ, իր կառավարման ժամանակաշրջանից շատ բան խամրել է մարդկանց հիշողության մեջ, հատկապես երիտասարդ սերունդն ընդհանրապես չէր հիշում նրա կառավարումը։ Եվ վերջապես, հենց նրան հաջողվեց ծայրահեղ բևեռացնել քաղաքական դաշտը։ Եթե դա տեղի չունենար, ընտրություններն այսպիսի արդյունքներով և ցավալի հետևանքներով չէին ավարտվի։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ